ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.04.2017 20:12
Հարության տոնին ընդառաջ ոստիկաններն այցելեցին Գավառի մանկատուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության Զորքերի 1033 զորամասի անձնակազմը՝ հրամանատար, գնդապետ Գուրգեն Գրիգորյանի գլխավորությամբ այս տարի էլ հավատարիմ է բարի ավանդույթին։ Քրիստոնեության մեծագույն, իսկ երեխաների համար ամենասիրելի՝ Հարության տոնին ընդառաջ ոստիկանները հյուրընկալվեցին Գավառի՝ արդեն հարազատ մանկատանը։
Երեխաների ոգևորությունն ու ժպիտները փաստում էին, որ հանդիպումը սպասված և սիրված է։ Այս անգամ էլ Ոստիկաններն իրենց հետ տարել էին ամենը զատկական առատ սեղանի համար։ Մանկատան սաներն էլ ոստիկաններին ուրախացրին իրենց ձեռագործ աշխատանքներով՝ զարդարված հավկիթներով, խորհրդանշական կենաց ծառով ու ակլատիզ տիկնիկով։
Մինչ ոստիկաններն ու մանկատան աշխատակազմը հոգատարությամբ զատկական սեղանն էին ձևավորում, երեխաներն իրենց պաշտպանների հետ զվարճանում էին մանկատան խաղահրապարակում։
Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը շնորհավորեց ոստիկաններին և երեխաներին՝ տոնի առթիվ շնորհակալության խոսք ուղղեց ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին, Զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին և հարազատ զորամասի հրամանատար գնդապետին՝ մշտական հոգատարության համար։
Երեխաների համար տոնի ամենասիրել հատվածից՝ ձվախաղից հետո, մանկատան սաները երգ ու պարով ելույթ ունեցան ոստիկանների համար։
Հրաժեշտին մանկատան սաներն այլևս չեն տխրում․ արդեն վստահ են հնգամյա ավանդույթին, վստահ են, որ իրենց բարեկամները շուտով նորից են գալու։