ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.01.2016 18:19
ԱՌԱՏ ՁՅՈՒՆ ԵՎ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (տեսանյութ և լուսանկարներ)
Այսօր, հունվարի 25-ի գիշերն ու առավոտյան տեղացած առատ ձյունը կրկին որոշակի դժվարություններ ստեղծեց ճանապարհային երթևեկության համար:
Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի աշխատակիցներին, որոնք սպասարկում են մարզերի տարածքը, հատկապես ծանր փորձություն էր սպասում Արագածոտնի և Շիրակի մարզերում, կիրճերում, միջպետական ճանապարհների ոլորաններին:
Ձյունն առատ էր նաև մայրաքաղաքում: Առաջին սպայական գումարտակի աշխատակիցների օրը սկսվեց սովորականից ավելի շուտ: Երևանի փողոցները դարձել էին մասնակի խցանումների պատճառ: Երթևեկությունը դանդաղել էր, պարբերաբար գրանցվում էին թեթև, այսպես ասած` ԱՊՊԱ վթարներ: Դժվարությունները կրկնապատիկ էին կամուրջների տակ, էստակադաներում, գլխավոր փողոցների խաչմերուկներում:
Աշխատանքի լավագույն գնահատականն այն է, որ ոչ մարզերում, ոչ մայրաքաղաքում, լուրջ ու անդառնալի հետևանքներով միջադեպեր չարձանագրվեցին:
Մայրաքաղաքում, ոստիկանության Երևանի կայազորի պարեկապահակետային ծառայության աշխատակիցները նույնպես ուժեղացված ծառայություն էին իրականացնում, օգնում ծերերին ու երեխաներին` անցնել փողոցը, հաղթահարել մայթի սառցապատ հատվածը:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին` այս օրերին մեքենա վարել միայն անհրաժեշտության դեպքում, իսկ հետիոտներին` լինել հատկապես ուշադիր ու զգոն, հիշել, որ սառցապատ ճանապարհներին մեքենայի արգելակման ուղին շատ ավելի երկար է, ուստի փողոցները պետք է հատել միայն դրա համար նախատեսված տեղերում, անձամբ համոզվելով, որ վտանգ չի սպառնում, և ընդհանրապես, խստորեն պահպանել երթևեկության կանոնները: