24.12.2013 09:49
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ 2013/2014 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Նախնական մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ ուսումնառության համար
1.Ուսումնական կենտրոնի շրջանավարտները ստանում են «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ ոստիկանի որակավորում: Շրջանավարտներին շնորհվում է ոստիկանության կրտսեր խմբի կոչումներ և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունների կրտսեր խմբի /ոստիկան/ պաշտոններում:
2. Սովորողներին տրվում է կրթաթոշակ:
3. Ուսումնական կենտրոնում ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով պետական պատվերի շրջանակներում /անվճար/: Սովորողը համարվում է ՀՀ ոստիկանության ծառայող:
4. Ուսուցման համար կարող են դիմել`
1) առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, առողջական տեսակետից զինվորական ծառայությանը պիտանի Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան քաղաքացիները.
2) արական սեռի այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով, 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:
5. Դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
1) անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ` անձնագիր կամ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրված՝ անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ.
2) կրթության մասին վկայական` միջնակարգ կրթության մասին ատեստատ կամ դիպլոմ.
3) դիմում.
4) արական սեռի դիմորդների համար`զինգրքույկ.
5) մերձավոր ազգականների /հայր, մայր, քույր, եղբայր, ամուսնացած լինելու դեպքում` կնոջ կամ ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր, զավակ/ անձնագրերը, անչափահաս լինելու դեպքում` ծննդյան վկայականը, մահացած լինելու դեպքում` մահվան վկայականը և դրանց պատճենները.
6) ամուսնացած լինելու դեպքում` ամուսնության վկայականը,
7) ընդհանուր մրցույթում արտոնություններից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթեր /բնօրինակ և պատճեն/`համաձայն սույն հայտարարության 9-րդ և 10-րդ կետերի.
8) 3 x 4 չափի լուսանկար /4 հատ/.
9) սոցիալական քարտին փոխարինող հանրային ծառայությունների համարանիշը,
10) հոգենյարդաբանական, նարկոլոգիական և տուբերկուլոզային դիսպանսերներից տեղեկություններ:
6. Դիմորդների ընտրության մասին որոշումն ընդունում է ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովը՝ ուսումնասիրության նյութերի հիման վրա:
7. Մանդատային հանձնաժողովի կողմից ընտրության անցկացումից հետո դիմորդներին տրվում է ստուգման թերթ: Ստուգման թերթը ստանալու համար անձնագրերով ներկայանալ ՀՀ ոստիկանության կրթահամալիր 2014թ. մարտի 10-ին ժամը 11:00-ին: Նշված ժամին տեղի կունենա դիմորդների և նրանց ծնողների հանդիպումը ընդունող հանձնաժողովի անդամների հետ:
8.Ուսումնական կենտրոնում ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով` մասնագիտական պիտանելիության համապատասխանելիության համալիր ստուգման /թեստավորում համակարգչի միջոցով/ և ֆիզիկական պատրաստականության ստուգման արդյունքների հիման վրա: Մրցույթում հավասար միավորներ ունենալու դեպքում հաշվի է առնվում ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականը:
9. Մրցույթից դուրս ընդունվում են ստուգման ձևերից դրական միավորներ ստացած հետևյալ դիմորդները՝
1) ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված /մահացած/ ազատամարտիկների և զինծառայողների երեխաները.
2) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված /մահացած/ ոստիկանության ծառայողների /զինծառայողների/ երեխաները:
10. Հավասար միավորների դեպքում մրցույթում առավելության իրավունք ունեն՝
1) Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով /շքանշաններով և մեդալներով/ պարգևատրվածները.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ծառայողների երեխաները.
3) երկկողմանի ծնողազուրկ երեխաները.
4) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության ծառայողների երեխաները:
11. Մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումն իրականացվում է թեստային փաթեթի միջոցով, որով ուսումնասիրվում է դիմորդի մտավոր ունակությունները` ընդհանուր գիտելիքների մակարդակը, ռուսաց լեզվի իմացությունը, համակարգչային տարրական գիտելիքների առկայությունը և անձնային որակները /սոցիալական վարքի առանձնահատկությունները, դրդապատճառային և այլ ոլորտներ/:
12. Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իր մեջ ներառում է՝
արական սեռի դիմորդների համար.
ա) վազք` 100 մ.
բ) վազք` 3000 մ.
գ) ձգում պտտաձողի վրա,
իգական սեռի դիմորդների համար.
ա) վազք` 100 մ.
բ) վազք` 1000 մ.
գ) ուժային համալիր վարժություններ:
Ֆիզիկական պատրաստականության յուրաքանչյուր վարժություն գնահատվում է 20 միավորային համակարգով, դրական են համարվում 8 և բարձր միավորները: Ֆիզիկական պատրաստականության ստուգման համար անցողիկ է համարվում գումարային 24 միավորը:
13. Ուսումնական կենտրոնի ընդունելության ստուգումների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է ընդունող հանձնաժողով:
14. Ընդունելությունն անցկացվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կանոնադրությամբ, ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագիրքը հաստատելու մասին ՀՀ կառավարության 28.08.2003թ. թիվ 1184-Ն որոշմամբ և ՀՀ ոստիկանության պետի 18.05.2012թ. թիվ 8-Ն հրամանով սահմանված կարգով:
15. Դիմորդն ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար նախապես յուրաքանչյուր ստուգման ձևի համար համաձայն ոստիկանության ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության կարգի` վճարում է 1500-ական դրամ: Անկախ մրցույթին մասնակցելուց և արդյունքից, վճարած գումարը չի վերադարձվում: Սույն հայտարարության 9-րդ կետով և 10-րդ կետի 2-4 ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ազատվում են ընդունելության վճարից: Մանդատային հանձնաժողովն առանձին դեպքերում քաղաքացիներին կարող է ազատել վճարից:
16. Անհարգելի պատճառով ստուգմանը չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդները զրկվում են ընդունելությանը մասնակցելու իրավունքից:
17. Հարգելի պատճառով /փաստաթղթերով հաստատված/ ստուգմանը չներկայացած դիմորդներին թույլատրվում է հանձնել այն, եթե ժամանակացույցով տվյալ ստուգման ձևը չի ավարտվել: 18. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ ստուգման նորմալ ընթացքը խանգարող դիմորդին զրկել հետագա ընդունելությանը մասնակցելու իրավունքից:
19. Ստուգումների արդյունքները դիմորդին հայտնվում է ստուգման օրը: Դիմորդն իրավունք ունի ստուգման թեստային ձևի արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին` գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:
Բողոքարկված աշխատանքի վերագնահատման անհամաձայնության դեպքում 24 ժամվա ընթացքում դիմորդը կարող է դիմել ընդունող հանձնաժողովին` անկախ փորձագետ հրավիրելու համար:
20. Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի՝ ուսումնական կենտրոնի սովորողի և կրթահամալիրի միջև կնքվում է պայմանագիր,որով սովորողը պարտավոր է փոխհատուցել ուսման համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա՝
1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը.
2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.
3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.
4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:
Սովորողը չի հատուցում ուսման համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո`
1) ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան երկու տարի.
2) ոստիկանությունում ծառայությունից ազատվել է`
2.1) հաuտիքների կրճատման, uտորաբաժանման լուծարման կամ վերակազմա-կերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ.
2.2) հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2014 թվականի հունվարի 10-ից փետրվարի 10-ը ներառյալ` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կադրերի և ԱՀՏԱ բաժնում` ամեն օր` ժամը 10.00-ից 15.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Հասցեն՝ ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29:
Տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 77-80-33:
Ընդունելության ստուգումները կանցկացվեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում` 2014թ-ի մարտի 13-ից 21-ը: Հասցեն` ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր