ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.05.2013 19:50
ՀՀ ոստիկանության պետի հերթական այցը Գյումրի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ապրիլի 30-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Գյումրիում էր: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին նախորդ օրերին իրականացված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքները, քննարկվեցին նախատեսվող միջոցառումների ծրագրեր, պատասխանատուներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ:
Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը լրագրողների խնդրանքով պատասխանեց նրանց հարցերին:
Անդրադառնալով իր այցի նպատակին ու խնդիրներին` Վլադիմիր Գասպարյանը, մասնավորապես, նշեց. «Պետք է լինի կարգուկանոն. բոլորս միասին պետք է լուծենք այդ խնդիրները, ոստիկանությունը մենակ չի կարող լուծել դրանք, եթե քաղաքացին ակտիվ չլինի: Կարծում եմ` գյումրեցիների աջակցությունը կա, մարդիկ սրտացավորեն են մոտենում ոստիկանությանը: Նոր մարտավարությունն այստեղ աշխատելու է, որովհետեւ ես տեսնում եմ գյումրեցիների աջակցությունը, ինչի համար շատ շնորհակալ եմ»:
Վերջին օրերին իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական եւ բացատրական աշխատանքների շնորհիվ Գյումրիում հայտնաբերվել, առգրավվել եւ կամավոր հանձնվել է մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք: Խոսելով այդ գործընթացի մասին` Վլադիմիր Գասպարյանը նշեց. «Գյումրին երբեք չի զինվել, որ Գյումրին զինաթափվի: Ուղղակի ոմանք մտածել են, որ զենքի առկայության պայմաններում կարող են ինչ-որ բաներ թելադրել, կամ ինչ-որ բանից պաշտպանվել: Սա իրենց երեւակայության խնդիրն է: Մենք ուղղակի առգրավում ենք այդ զենքերը, որպեսզի անտեղի տեղը չկրակեն, որովհետեւ ամեն մի կրակոց մի մարդկային կյանք է»:
Ապօրինի պահվող զենք-զինամթերքից ձերբազատվելու հարցում վերստին կարեւորելով բացատրական աշխատանքների եւ քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման անհրաժեշտությունը` Վլադիմիր Գասպարյանը հիշեցրեց. «Եթե քաղաքացին ինքնակամ ներկայացնում է զենքը, ազատվում է քրեական պատասխանատվությունից: Երբ մենք ենք առգրավում, իհարկե, հարուցում ենք քրեական գործ»:
Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց այս ժամանակահատվածում Գյումրիում իրականացվող գործողությունների նպատակը եւ առանձնահատկությունները. «Ես ուզում եմ, որ Գյումրիում լինի խաղաղություն, ուզում եմ, որ զենքերը չկրակեն, ուզում եմ, որ զենքերը հանձնվեն, ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ ուժով հարցեր չեն լուծում, սպանությամբ հարց չեն լուծում: Անօրինականությամբ օրինականություն չես հաստատի: Մենք մինչեւ վերջ ենք աշխատելու այս ուղղությամբ եւ, ընդհանրապես, անընդհատ ենք աշխատելու»:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը կրկին համագործակցության կոչ արեց գյումրեցիներին` փաստելով, որ միայն համատեղ գործողություններով է հնարավոր հասնել օրենքի գերակայության, ամրապնդել հասարակական կարգը եւ ապահովել քաղաքացու անվտանգությունը. «Ես չեմ կարծում, որ ոստիկանության ներկայությամբ պետք է քաղաքը կարգի բերել: Քաղաքը պետք է կարգի բերի քաղաքացին, տեղացին: Մենք ուղղակի օգնում ենք նրանց: Մենք զոռբայության դեմն ենք առնում»: