Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


22.10.2013 09:28

ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2013 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2013 թ.  9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները
2013 թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունը օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում կատարել է իր առջև դրված խնդիրները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգ ու կանոն։
Ոստիկանության համակարգում շարունակվող բարեփոխումների շրջանակներում ձեռնարկված միջոցառումները միտված են եղել նպաստելու նոր ոստիկանի կերպարի ձևավորմանը՝ աշխատանքի կազմակերպման նկատմամբ նոր մոտեցումների, ինչպես և բնակչության վստահությունն ու հարգանքը վայելող ոստիկանության կատարելագործմանը:
2013 թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը աճել է 15,0%-ով կամ 1761 դեպքով (2012 թ. 9 ամիս` 11713, 2013 թ. 9 ամիս` 13474), ինչը հիմնականում պայմանավորված է սեփականության դեմ ուղղված, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թվի աճով, ինչպես և լատենտային բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերման աշխատանքներով:
Առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է 29 դեպքով կամ 21,8%-ով (133-104):
Ծանր հանցագործությունների թիվն աճել է 417 դեպքով կամ 23,7%-ով (1759-2176), ինչը հիմնականում պայմանավորված է գողությունների աճով:
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների կազմում 6 դեպքով կամ 15,0%-ով նվազել են սպանության (40-34), 141 դեպքով կամ 12,1%-ով` դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1170-1029), 2 դեպքով կամ 14,3%-ով` մարդկանց թրաֆիքինգի (14-12),  4 դեպքով կամ 19,0%-ով` բռնաբարության և բռնաբարության փորձերի (21-17) դեպքերը, իսկ սպանության փորձերի թիվը մնացել է անփոփոխ (21-21): Միևնույն ժամանակ, 16 դեպքով կամ 13,2%-ով աճ է արձանագրվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (121-137) դեպքերով: 
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կազմում աճ է արձանագրվել գրեթե բոլոր հիմնական ուղղություններով. 528 դեպքով կամ 18,2%-ով գողության (2894-3422), այդ թվում  297 դեպքով կամ 44,9%-ով բնակարանային գողության (662-959), 10 դեպքով կամ 23,3%-ով ավազակության (43-53), 28 դեպքով կամ 21,5%-ով յուրացման կամ վատնման (130-158) և 3 դեպքով կամ 8,6%-ով տրանսպորտային միջոց փախցնելու (35-38) դեպքերով: Միևնույն ժամանակ, 30 դեպքով կամ 16,1%-ով նվազել են կողոպուտի (186-156) և 83 դեպքով կամ 12,4%-ով խարդախության (667-584) դեպքերը:
Հասարակական կարգի և անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում աճ է արձանագրվել գրեթե բոլոր հիմնական ուղղություններով. 54 դեպքով կամ 15,2%-ով զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության (356-410), 36 դեպքով կամ 5,3%-ով  ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (674-710), այդ թվում`  25 դեպքով կամ 19,2%-ով մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (130-155), 43 դեպքով կամ 11,4%-ով իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության (378-421) դեպքերով: Միևնույն ժամանակ, 26 դեպքով կամ 15,5%-ով նվազում է արձանագրվել խուլիգանության (168-142), այդ թվում 15 դեպքով կամ 50,0%-ով զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության (30-15) և 18 դեպքով կամ 2,1%-ով թմրամիջոցների ապօրինի շրջանառության (849-831) դեպքերով:
Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը նվազել է 19-ով կամ 29,2%-ով (65-46): Դրա հետ մեկտեղ, հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 410 դեպք, ինչը 54-ով 15,2%-ով ավել է, քան նախորդ տարում (356): 
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճի պարագայում` հանրապետությունում 2013 թ. 9 ամիսների ընթացքում 0,7%-ով նվազել է քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը (8312-8252)։ 
Որպես դրական միտում պետք է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում 94-ով կամ 18,6%-ով նվազել է խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը (506-412), ընդ որում դրանց թիվը 101-ով կամ 23,4%-ով նվազել է չափահասների (432-331) և 12 դեպքով կամ 28,0%-ով «խառը» խմբերում (43-31), միևնույն ժամանակ, 19-ով կամ 61,3%-ով աճել անչափահասների խմբերում (31-50): 
2013 թ. 9 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է 16-ով (314-ից 298): 
Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության մարմինների կողմից կատարված աշխատանքները հարկ է նշել, որ հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճի պարագայում նվազել է վերջինիս բացահայտման արդյունավետությունը: Հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը նվազել է 5,5%-ով (87,5%-ից 82,0%), ծանր հանցագործություններինը՝ 6,3%-ով (67,5%-ից 61,2%), միևնույն ժամանակ աճել է՝ առանձնապես ծանր հանցագործություններինը՝ 1,9%-ով (78,9%-ից 80,8%): 
Ըստ առանձին հանցատեսակների` 2013 թ. 9 ամիսների համեմատությամբ բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով` սպանություններով (67,5%-ից 76,5%), դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (81,8%-ից 84,7%), բռնաբարության և բռնաբարության փորձի (85,7%-ից 100%), թմրամիջոցների ապօրինի շրջանառության (89,9%-ից 90,5%), այդ թվում` իրացման նպատակով (78,3%-ից 81,5%), անձնական գույքի խարդախության (96,2%-ից 96,7%), յուրացման կամ վատնման (96,5%-ից 98,0%) և կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու (2,8%-ից 7,2%) դեպքերով: 
Միևնույն ժամանակ, բացահայտման աշխատանքների արդյունավետությունը նվազել է սպանության փորձերով (95,2%-ից 90,5%), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (94,5%-ից 94,3%), ճանապարհային երթևեկության կանոնների խախտման (95,1%-ից 94,6%),  խուլիգանության (98,2%-ից 93,7%), պետական գույքի՝ գողության (78,8%-ից 77,9%), յուրացման կամ վատնման (100%-ից 93,0%), անձնական գույքի՝ ավազակության (76,7%-ից 67,9%), կողոպուտի (65,6%-ից 55,8%), գողության (70,7%-ից 55,4%) և տրանսպորտային միջոց փախցնելու (82,9%-ից 73,7%) դեպքերով:  
Հաշվետու ժամանակահատվածում որոշակիորեն աճել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը: Բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 27-ով (925-952): Պետք է արձանագրել, որ 26 դեպքով կամ 25,7%-ով աճել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ (ՀՀ Քր. Դատ. օր.-ի 31.1.1 հոդված) կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը (101-127):
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում հայտնաբերված դեպքերի թիվը նվազել է 18-ով կամ 2,1%-ով (849-831), իսկ բացահայտման արդյունավետությունն աճել` 0,6%-ով (89,9%-ից 90,5%): Միևնույն ժամանակ, աճել են ցուցանիշները` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բնութագրող այնպիսի առանցքային ուղղությամբ, ինչպիսին է թմրամիջոցների իրացումը. հաշվետու ժամանակաշրջանում, նախորդ տարվա համեմատությամբ, հայտնաբերվել են 43-ով կամ 11,4%-ով ավել դեպքեր (378-421), իսկ բացահայտման արդյունավետությունն աճել է 3,2%-ով (78,3%-ից 81,5%): 
Հաշվետու ժամանակահատվածում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններն աճել են 111 դեպքով կամ 19,1%-ով (581-692), իսկ բացահայտման արդյունավետությունը նվազել` 0,7%-ով (86,7%-ից 86,0%)։ 
Հաշվետու ժամանակահատվածում աճ է արձանագրվել ինչպես կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու, պահելու, իրացնելու դեպքերով` 26 դեպքով կամ 36,6%-ով (71-97), այնպես էլ դրանց բացահայտման ցուցանիշներով (2,8%-ից 7,2%), ինչը վերջին ժամանակաշրջանում աննախադեպ դրական միտում է տվյալ ոլորտում:
2013 թ. 9 ամիսների ընթացքում հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 498 հանցագործության դեպք, ինչը 32,4%-ով ավել է, քան 2012թ. 9 ամսում` (376), ընդ որում նշված հանցագործություններից 56-ը կամ 11,2%-ը ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններից 71-ը (48) կաշառակերության դեպքեր են, որոնցից 53-ը (31) հայտնաբերվել է ոստիկանության ջանքերով:
Անդրադառնալով քննությունից և դատից խուսափող անձանց հետախուզման աշխատանքներին, պետք է նշել, որ 2013 թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության մարմինների կողմից հայտնաբերվել են 1382-ը (2012 թ. 9 ամիսների ընթացքում` 1416-ը): Բացի այդ, հանրապետության ոստիկանության մարմինների կողմից ձերբակալվել են այլ պետությունների կողմից ևս 120 հետախուզվող: 
Հանցագործությունների մինչդատական քննության բնագավառում hանրապետությունում նախաքննություն կատարելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների վարույթում, ընդհանուր առմամբ, քննված 11557 քրեական գործերից 10723-ը կամ 92,7%-ը բաժին է ընկել ոստիկանության քննչական ապարատին:
Հաշվետու ժամանակահատվածում վարույթում եղած 10723 քրեական գործերից լուծվել է 8307 քրեական գործերի ընթացքը` արտադրողականությունը կազմելով 77,5%, նախորդ տարվա 78,7% դիմաց: Վարույթը կարճվել է 1653 քրեական գործով (1537 գործ): 2416 քրեական գործեր դեռևս մնում են նախաքննության փուլում:
2013 թ. 9 ամիսների ընթացքում Անձնագրային և վիզաների վարչության գործունեությունը շարունակել է միտված լինել համակարգի բարեփոխումների իրականացմանը: Շահագործման է հանձնվել ԱՎ վարչության նոր մասնաշենքը, որն իր կահավորմամբ և տեխնիկական հագեցվածությամբ առավել դյուրին կդարձնի քաղաքացիներին մատուցվող ծառայությունները: 
Հասարակական կարգի պահպանումն ու ապահովումը պատշաճ կազմակերպելու նպատակով 2013 թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության ՊՊԾ ստորաբաժանումները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ, հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգություն են ապահովել ՀՀ Նախագահական և Երևանի ավագանու ընտրությունների, ինչպես նաև զանգվածային միջոցառումների ընթացքում:  
Հաշվետու ժամանակաշրջանում հանրապետությունում գրանցված 11902 (10925) հանցագործության դեպքերից 132-ը (125) կատարվել է հասարակական վայրերում: Երևան քաղաքում գրանցվել է 6300 (5444) դեպք, որից 66-ը (83-ը) կատարվել են հասարակական վայրերում:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության կողմից 2013 թ. ընթացքում զգալի կազմակերպչական և կանխարգելիչ աշխատանքներ են կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ:
2013 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ տարածքում շահագործվել են 81 լուսանկարահանող արագաչափ սարքեր, որից 50-ը` Երևան քաղաքում: Տեսախցիկների միջոցով վերահսկվող խաչմերուկների քանակը  տարվա ընթացքում հասել է 71-ի: 
Հասարակական անվտանգության ապահովման կարևոր խնդիր են լուծում նաև ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումները, որոնք 2013 թ. 9 ամիսների ընթացքում պայմանագրային հիմունքներով իրականացրել են 3899 օբյեկտների պահպանություն (3732), որոնցից 390-ը քաղաքացիներին պատկանող բնակարաններ են (419): Հաշվետու ժամանակահատվածում պահպանվող բնակարաններից գողության դեպքեր չեն արձանագրվել:
ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունները հաշվետու ժամանակահատվածում ձեռնարկել են կազմակերպչական բազմաբնույթ միջոցառումներ համակարգն արդի պահանջներին համապատասխան վերակառուցելու, բարեփոխումների ծրագրի իրականացումը հաջողությամբ շարունակելու, ոստիկանության մարմինների գործունեության իրավական դաշտը կանոնակարգելու, պետական միջոցների կառավարման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, կադրերի հետ տարվող աշխատանքները և ուսուցման գործընթացը կատարելագործելու, անձնակազմի մասնագիտական և ֆիզիկական պատրաստականության, ինչպես նաև առողջական վիճակը բարելավելու, ֆինանսական և նյութատեխնիկական ապահովման, հասարակայնության հետ կապն ամրապնդելու, ոստիկանության ստորաբաժանումների գործունեությունը հանրությանը ներկայացնելու, կատարված աշխատանքները օպերատիվորեն, օբյեկտիվ, բաց և թափանցիկ լուսաբանելու, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարի ոլորտում միջազգային ոստիկանական և այլ կառույցների հետ փոխհամագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ։