ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.11.2014 19:23
Հանդիպում ոստիկանության կրթահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Նոյեմբերի 20-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության կրթահամալիրում հանդիպեց պրոֆեսորադասախոսական կազմի եւ սովորողների հետ: Այցի նպատակը ՀՀ ոստիկանության պետի կրթաթոշակի արժանացած գերազանց սովորողներին հավաստագրեր հանձնելն էր:
Անդրադառնալով համակարգի ծավալուն բարեփոխումների իրականացման գործում ոստիկանության կրթական հաստատության դերին ու նշանակությանը՝ ոստիկանության պետը դասախոսական կազմին առաջադրեց այն խնդիրները, որոնք առաջնահերթ են իրավապահների նոր սերնդի պատրաստման արդի փուլում:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց նաեւ, որ դասախոսների նվիրված աշխատանքը պետք է նույնպիսի արձագանք գտնի նաեւ սովորողների կողմից. կրթահամալիրի յուրաքանչյուր սովորող արդեն իսկ այսօր պետք է գիտակցի իր պատասխանատվությունը ոստիկանության եւ երկրի վաղվա համար, կերտի ոստիկանի այն տեսակը, որին սպասում է մեր հասարակությունը:
Վլադիմիր Գասպարյանը վերստին կարեւորեց ոստիկանության դերը հասարակական անվտանգության ու երկրի ներքին կայունության ապահովման եւ մարդու իրավունքների պաշտպանության, նոր սերնդի առաքելությունը՝ ոստիկանության հանդեպ հանրային վստահությունն ամրապնդելու գործում:
Ոստիկանության պետն անդրադարձավ նաեւ բարեփոխումների շրջանակում ոստիկանության ծառայողների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ծրագրերի իրականացման գործընթացին, որը շարունակական բնույթ է կրում:
Վլադիմիր Գասպարյանը վաղվա ոստիկաններին կոչ արեց ջանք չխնայել իրավապահի մասնագիտությանը ողջ խորությամբ տիրապետելու գործում եւ անհանդուրժող լինել բոլոր այն երեւույթների հանդեպ, որոնք խոչընդոտում են նոր ոստիկանության ձեւավորմանը:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը կրթահամալիրի գերազանց սովորողներին հանձնեց ՀՀ ոստիկանության պետի կրթաթոշակի հավաստագրերը, իսկ սովորողների կողմից ընտրված լավագույն դասախոսներն արժանացան ՀՀ ոստիկանության պետի կրծքանշանների:











