ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.05.2014 16:00
Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների կիրարկման համակարգի հզորացման հերթական քայլը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 15-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության իրավունքների կիրարկման համակարգի հզորացման Եվրամիության Թվինինգ ծրագրի աջակցությամբ ստեղծված մտավոր սեփականության վերաբերյալ ամբողջական վիճակագրական տեղեկատվություն պարունակող կայքի ցուցադրությունը և ներկայացումը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարության, ոստիկանության, պետեկամուտների կոմիտեի, մտավոր սեփականության գործակալության և դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ:
ՀՀ-ում մտավոր սեփականության իրավունքների կիրարկման Եվրամիության Թվինինգ ծրագրի համակարգող Յաննե Վելլենդորֆը բացման խոսքում նշեց, որ ներկայումս, երբ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների աննախադեպ զարգացում է ապրում, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը շատ կարևոր դեր ունի, և արդեն երկուսուկես տարի այստեղ իր գործունեությունը ծավալող Թվինինգ ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների կիրարկման համակարգի հզորացման համար նոր միջոցներ ներկայացնելուն, որոնցից մեկն էլ նորաստեղծ կայքն է, որի տվյալների շտեմարաններից առաջիկայում օգտվողները` ինչպես ՀՀ պետական կառույցները, այնպես էլ մասնավոր հատվածը, իրազեկված կլինեն մտավոր սեփականության իրավունքների ոլորտում տեղի ունեցող տեղաշարժերին և բնագավառի ամբողջական և ճշգրիտ վիճակագրությանը:
Միջոցառմանը մասնակից փորձագետներն ըստ բաժինների ներկայացնելով նորաստեղծ կայքի կառուցվածքն ու օգտվելու պայմանները` նշեցին, որ կայքից օգտվողների համար նման ձեռնարկումը բացառելու է ինչպես ժամանակի կորուստը, այնպես էլ անհարկի քաշքշուկն ու տարբեր գերատեսչությունների վիճակագրությունների մեջ խճճվելը, փոխարենը` վիճակագրական տվյալների տեսքով կայքում առաջիկայում կամփոփվեն ՀՀ-ում մտավոր սեփականության հարցերով զբաղվող բոլոր գերատեսչությունների շտեմարանները, դրանք կդասակարգվեն ու կամբողջացվեն, և արդյունքում` այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու բնագավառի միասնական և ամբողջական վիճակագրությանը, ինչի հնարավորությունը, ի դեպ, դեռևս չունեն եվրոպական մի շարք երկրների օգտատերեր:
Միջոցառման ավարտին պետական գերատեսչությունների ներկայացուցիչները նորաստեղծ կայքի պատասխանատուներին ուղղեցին մի շարք հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: