ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.10.2019 16:24
Ոստիկանները բացահայտել են կոռուպցիոն բնույթի հանցագործություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ծավալուն միջոցառումներ էին ձեռնարկել։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015 թվականի հունիսին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության միջև կնքվել է «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագիր, որի կետերից մեկը վերաբերում է ԱԳԼՃԿ չափման միջոցների ստուգաչափման շարժական լաբորատորիայի գնմանը։ «Ֆոլքսվագեն» ավտոմեքենայի հիմքով շարժական լաբորատորիա ձեռք բերելու համար նշվել է շուկայականից էականորեն բարձր արժեք՝ 25,5 միլիոն դրամ։
Քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ գնումն իրականացնելու համար «Չափագիտության ազգային ինստիտուտ» ընկերության տնօրենը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, հրամանով հաստատել է գործընթացը կազմակերպող ստորաբաժանումը, որի անդամները չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները՝ ընկերության տնօրենի և փոխտնօրենի ցուցումով կազմել են ավտոմեքենայի գնման հայտ ու ներառել նախատեսվածից ցածր՝ 6,5 միլիոն դրամ արժեքով ավտոմեքենայի տեխնիկական բնութագիր։ Հետագայում կազմակերպվել է գնման ձևական գործընթաց, ինչի արդյունքում շուրջ 19 միլիոն դրամ ավելի գնով ձեռք է բերվել «Ռենո Դոքեր» ավտոմեքենա։ Արդյունքում՝ պետության օրինական շահերին պատճառվել է 19 միլիոն դրամի նյութական վնաս, որն անզգությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և ուղարկվել նախաքննության։