ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.10.2014 16:12
Տեղի ունեցավ ոստիկանական կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների հանգուցային դրույթներն ու գլխավոր նպատակներից մեկը ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումն է, ոստիկանության գործունեության մեջ հանրության ներգրավվածության մակարդակի բարձրացումը, հրապարակայնությունն ու թափանցիկության ապահովումը: Այդ նպատակին էր միտված ոստիկանական կարգապահական հանձնաժողովի ստեղծումը, որի կազմում ընդգրկված են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ ոստիկանական կարգապահական հանձնաժողովի նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Նիստում նաեւ լսեցին հանձնաժողովի անդամների կարծիքներն ու մտահոգությունները, դրանց շուրջ տեղի ունեցավ քննարկում:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը ներկայացրեց ոստիկանական կարգապահական վիճակի մասին վիճակագրությունը, ծառայողական քննությունների ընթացքն ու արդյունքները:
Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանը պարզաբանեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հնչեցրած մտահոգությունների հետ կապված հարցերը, ծառայողական քննության, նախաքննության իրականացման կարգը:
«Ոստիկանությունն առաջինն ինքն է շահագրգռված ինքնամաքրմամբ,- մեր ներքին խնդիրները մեզնից լավ ոչ ոք չգիտի ու մենք պատրաստակամ ենք ամենօրյա աշխատանքով լուծել դրանք, վերացնել թերություններն ու բացթողումները: Նաեւ շահագրգռված ենք հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ. դա առավելապես կօգնի արագ լուծել նոր ոստիկանի ձեւավորման խնդիրը»,- նշեց Հունան Պողոսյանը:
Ոստիկանությունն այսօր բաց է ու թափանցիկ՝ քան երբեւէ. դա նաեւ կարգապահական հանձնաժողովի անդամների կարծիքն էր: Սակայն նրանք ունեին որոշ մտահոգություններ՝ կապված, մասնավորապես, զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգը պահպանելիս կոպիտ, ոստիկանին ոչ վայել պահվածք դրսեւորած ոստիկանների նկատմամբ ծառայողական քննությունների ընթացքի, արդյունքների մասին իրենց իրազեկվածության հետ: