ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.12.2018 14:55
Ոստիկանության ծառայողները մասնակցեցին «Կանանց դերը արդարադատությունում» թեմայով համաժողովին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Դեկտեմբերի 11-ից 14-ը Արդարադատության ակադեմիայում անցկացվեց «Կանանց դերը արդարադատությունում» թեմայով համաժողով, որը կազմակերպել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը:
Միջոցառման նպատակն էր բարձրացնել իրավապահ մարմիններում աշխատող կանանց որակավորումը և ընդգծել նրանց դերը արդարադատության ոլորտում: Քառօրյա համաժողովին մասնակցում էին դատավորներ, փաստաբաններ, ոստիկաններ, քննիչներ և իրավապահ այլ մարմինների կին աշխատակիցներ, ինչպես և Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած, արդարադատության ոլորտում ձեռքբերումներ և դրական փորձ ունեցող չորս կին փորձագետներ:
Օրակարգը բազմաբնույթ էր` դասախոսություններ, խմբային աշխատանք, քննարկումներ… Քննարկվեցին կանանց համար կրթության, արդարադատության ոլորտում աշխատելու հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր:
Համաժողովում օտարերկրյա փորձագետները ներկայացրին ամերիկյան արդարադատության համակարգում խոչընդոտների հաղթահարման իրենց մեթոդը:
Այդ ասպարեզում իրենց փորձը ներկայացրին նաև իրավապահ ոլորտում լուրջ ձեռքբերումներ ու բարձր պաշտոններ զբաղեցնող հայ կանայք, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները՝ Քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի, Հասարակայնության հետ կապի և լրատվության, Իրավաբանական վարչությունների, Շտաբի, Ինֆորմացիոն կենտրոնի և Կրթահամալիր կին ծառայողները, համաժողովի օրերին ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն ինչպես ներկայացվող զեկույցների, այնպես էլ դրանց շուրջ ծավալված քննարկումների ընթացքում:
Համաժողովը հնարավորություն ընձեռեց դեմ առ դեմ հանդիպել ոլորտի առաջատար մասնագետներին, ովքեր իրենց լավագույն փորձով առավելագույնս օգտակար եղան միջոցառման մասնակիցներին: