ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.01.2019 15:27
Ոստիկանները բացահայտել են խոշոր չափերի խարդախություններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Վճարման միջոց չի հանդիսանում» գրառմամբ եվրոները, դոլարներն ու ռուբլիները Դիլիջանի բնակիչ Տիգրան Մինասյանինն են։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ ճանապարհով պարզել են, որ 61-ամյա Մինասյանը խոշոր չափերի գումարներ է հափշտակել։
Նախնական տվյալներով՝ Երևանում ապրող մի գործարարի նախորդ տարվա գարնանը վստահեցրել է, որ ինքը ֆինանսական մեծ կարողությունների տեր բարերար է։ Ցանկանում է օգնել Գյումրիի մանկատներից մեկին, սակայն փողը չի հերիքում, ուստի այդ տղամարդուց, բարեգործություն կատարելու պատրվակով, բայց իրականում հափշտակելու դիտավորությամբ պահանջել ու ստացել է 1.000.000 դրամ։
Դարձյալ նախորդ տարի, բայց այս դեպքում՝ ամռանը, Տիգրան Մինասյանը ծանոթացել է Կապանում ապրող մեկ այլ գործարարի հետ։ Վերջինս ցույց է տվել հուշանվեր թղթադրամներով լի ճամպրուկը։ Ֆինանսական մեծ կարողությունների տեր անձնավորության տպավորություն թողնելուց հետո այդ տղամարդուն հայտնել է, որ Իրանից ապրանք են ուղարկել, որոնք ստանալու համար պետք է դրամով վճարի։ Եվ քանի որ մոտը հայկական արժույթ չի եղել, այդ տղամարդուց պահանջել ու ստացել է 850.000 դրամ։
Իրավապահները հիմնավոր կասկածներ ունեն, որ նրա գործողություններից տուժել են այլ անձինք ևս, որոնք կարող են դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02:
Խոշոր չափերով խարդախությունների փաստերով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։
Դեպքերի հանգամանքները պարզվում են։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: