ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.10.2013 15:16
Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 82-րդ նստաշրջանը
2013 թ. հոկտեմբերի 21-ից 25-ը Կոլումբիայի Հանրապետությունում կայացավ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 82-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում էին Ինտերպոլի 142 անդամ երկրների պատվիրակություններ:
Նստաշրջանի աշխատանքները ղեկավարում էին Ինտերպոլի գործադիր կոմիտեի նախագահ Միռեյ Բալեստրազին եւ Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը:
ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը:
Նստաշրջանի աշխատանքները նպատակաուղղված էին մի շարք կարեւորագույն հարցերի քննարկմանը, այդ թվում` Ինտերպոլի կողմից տրամադրվող միջոցների ակտիվ օգտագործմանը այնպիսի հանցատեսակների դեմ պայքարում, ինչպիսիք են երեխաների սեռական շահագործումը, ահաբեկչությունը, թրաֆիքինգը, ծովահենությունը, հրազենի ապօրինի շրջանառությունն ու փախուստի մեջ գտնվող հանցագործների հետախուզումը եւ այլն: Քննարկվեցին հիմնական գործոնները, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել հանցավոր բռնությունների զարգացման հարցում, նաեւ այն հմտությունները եւ ռազմավարությունը, որոնք կօգնեն լավագույնս պայքարել բռնությամբ ուղեկցվող հանցավորության դեմ:
Նստաշրջանում քննարկվեցին նաեւ քրեական ոստիկանական միջազգային համագործակցության, անդամ երկրների ԱԿԲ-ների զարգացման եւ Կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք կարեւորագույն հարցեր` անդրազգային ահաբեկչության նոր խնդիրները, կազմակերպված հանցավորությունը եւ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, տնտեսական եւ ֆինանսական հանցագործությունները, այդ թվում` դրամանենգությունը եւ կեղծարարությունը, կիբերհանցավորությունը եւ այլն:
Քննարկվող հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ:
ՀՀ պատվիրակը գործնական հարցերի շուրջ հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչների, Ռուսաստանի Դաշնության, ԱՊՀ այլ երկրների, Թուրքիայի, Կիպրոսի, Դանիայի, ԱՄԷ եւ այլ անդամ երկրների Ինտերպոլի ԱԿԲ-ների եւ ոստիկանական ծառայությունների ղեկավարների հետ:
Գլխավոր ասամբլեայի հաջորդ` 83-րդ նստաշրջանը տեղի կունենա 2014 թ. աշնանը, Մոնակոյում:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ