ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.02.2019 15:47
Ամփոփ տեղեկատվություն 2018թ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքների մասին
1. ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ և 132.2-րդ հոդվածներ` «Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը» և «Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը»
2018թ. մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման փաստի կապակցությամբ հարուցվել է 9 քրեական գործ: Նշված գործերից 2-ը նախաքննության ընթացքում կարճվել են, 1-ը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի:
Մնացած 6 դեպքերից 1-ը կանանց սեռական շահագործման, 5-ը` աշխատանքային շահագործման դեպքեր են: Սեռական շահագործման 1 դեպքը տեղի է ունեցել Թուրքիայում: Գործը գտնվում է նախաքննության փուլում: Սեռական շահագործման նշված դեպքով տուժողը զուգահեռաբար ենթարկվել է նաև աշխատանքային շահագործման:
Աշխատանքային շահագործման 5 դեպքերից 1-ը արտաքին /ՌԴ/, մյուս 4-ը ներքին շահագործման դեպքեր են: Աշխատանքային շահագործման նշված դեպքերից 1-ը կասեցվել է, 1 դեպքով գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 3-ով իրականացվում է նախաքննություն:
Նշված 6 գործերով հայտնաբերվել և տուժող է ճանաչվել 28 անձ, որոնցից 2-ը անչափահաս են, 3-ը՝ կին: 2018թ հարուցված գործերով 4 անձ ներգրավվել են որպես մեղադրյալ:
Օրինակներ.
1. 2018թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի հարևանությամբ գտնվող անասնաֆերմայի սեփականատեր Ա.Ա.-ն 2014թ. ամռանն իր անասնաֆերմայում, որպես հովիվ ամսական 50.000 ՀՀ դրամ աշխատավարձով աշխատանքի է ընդունել անչափահաս Էդ.Ղ-ին /ծնված՝ 2002թ./: Վերջինս Ա.Ա-ի անասնաֆերմայում աշխատել է մինչև 2016թ. ամառը: Ամռանն Էդ.Ղ-ին հովվի աշխատանքներում օգնելու նպատակով անասնաֆերմա է եկել նաև վերջինիս եղբայր Է.Ղ-ն /ծնված՝ 2006թ./, ինչից հետո Ա.Ա-ն, օգտվելով անչափահաս երեխաների խոցելի վիճակից, նախ խաբեությամբ ստիպել է մշտապես բնակվել անասնաֆերմայում, ապա պարբերաբար բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով հարկադրել է կատարել այլ անասնապահական աշխատանքներ, իսկ 2017թ. դեկտեմբեր ամսից մինչև 2018թ. հուլիսի 3-ն օգտագործելով տարբեր պայմաններում սատկած և կորած անասունների արժեքով պայմանավորված ուռճացված պարտքի հանգամանքը, ստիպել է շարունակել աշխատել իր անասնաֆերմայում, չի վճարել աշխատանքի դիմաց, ինչով վերջիններիս ենթարկել է աշխատանքային շահագործման:
2. ՀՀ ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքում գործող հնդկական ռեստորաններից մեկի ազգությամբ հնդիկ վարձակալը ռեստորանի հնդիկ աշխատակիցներին ենթարկում է աշխատանքային շահագործման:
ՀՀ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց նշված ռեստորանի սեփականատերը հանդիսանում է Հնդկաստանի քաղաքացի Պ.Խ.-ն, ով բացակայում էր հանրապետությունից:
Ս.թ. նոյեմբերի 7-ին նշված ռեստորանի 2 աշխատակիցները հրավիրվեցին ոստիկանություն, որտեղ պարզվեց, որ ռեստորանի վարձակալը բարձր աշխատավարձով աշխատանքով ապահովելու կեղծ խոստումով, վստահությունը չարաշահելով Հնդկաստանում հավաքագրել, այնուհետև կազմակերպել է նրանց տեղափոխումը ՀՀ, որտեղ բռնություն գործադրելով, խաբեությամբ, վերցնելով նրանց անձնագրերը, օգտագործելով նրանց վիճակի խոցելիությունը, որը պայմանավորված է եղել ճանապարհածախսի վճարմամբ առաջացած ուռճացված պարտքով, ինչպես նաև լեզվին չտիրապետելու և տեղանքին ծանոթ չլինելու հանգամանքով, ստիպել է իրեն պատկանող ռեստորանում առանց վարձատրության կատարել տարբեր աշխատանքներ, ինչով վերջիններիս ենթարկել է աշխատանքային շահագործման:
2. ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ և 262-րդ հոդվածներ` «Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը» և «Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը»
ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ, 262-րդ հոդվածների հատկանիշներով հայտնաբերվել է հանցագործության 16 դեպք:
Բացի այդ, 2018թ. ընթացքում թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով շարունակվել է այլ երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցությունը: Ներկայումս ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՀՀ քր. օր-ի 132, 132.1, 261 և 262 հոդվածների հատկանիշներով հետախուզվող անձանցից 22-ը գտնվում են միջազգային հետախուզման մեջ:
Նշված ոլորտում ընթացիկ գործերով ցանկալի արդյունքների հասնելու համար 2018թ. փոխհամագործակցությունն առավել ինտենսիվ իրականացվել է Իրաքի, ԱՄԷ-ի Խորվաթիայի, Բելառուսի ԱԿԲ-ների հետ:
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ բնակչության՝ հատկապես երիտասարդության իրազեկության, իրավագիտակցության մակարդակի բարձրացման, վերջիններիս կողմից, ինչպես նաև նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունները և այլ իրավախախտումները նախականխելու, նրանց շրջանում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքների դպրոցներում պարբերաբար կազմակերպել և անցկացրել են հանդիպումներ, զրույցներ: Հանդիպումների ընթացքում բացատրվել են շահագործման, թրաֆիքինգի վտանգները և դրանից խուսափելու ճանապարհները:
2018 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ ՀՀ տարածքում գործող հանրակրթական դպրոցներում անցկացվել է «Անչափահասը և հանցագործությունը» թեմայով մեկամսյակ:
Միաժամանակ ՀՀ ոստիկանության ղեկավարության անմիջական մասնակցությամբ ՀՀ տարածքում գործող շուրջ 1400 դպրոցներում 2018 թվականի սեպտեմբերի 14-ին կազմակերպվել և անց է կացվել «Դասը վարում է ոստիկանը» խորագրով միջոցառումը:
Անչափահասների շրջանում մուրացկանության և թափառաշրջիկության դեպքերը նախականխելու, վերջիններիս մուրացկանության մեջ ներգրավող անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները բարելավելու, ինչպես նաև անչափահասներին շահագործումից զերծ պահելու նպատակով ոստիկանության տարածքային ստորաբաժանումներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների և այլ ստորաբաժանումների ծառայողների ուժերով առավել մարդաշատ, մուրացկանությամբ և թափառաշջիկությամբ զբաղվելու համար նպաստավոր վայրերում պարբերաբար կազմակերպվել և անց են կացվել ստուգայց-շրջագայություններ: Աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համագործակցություն է իրականացվել տեղական ինքնակառավարման մարմինների, շահագրգիռ այլ կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ:
ՀՀ սահմանային անցակետերում (ԱՎՎ «Զվարթնոց» օ/կ բաժին, Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի բաժանմունքներ) անձանց տրամադրվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման մասին տեղեկատվական նյութեր՝ թերթոններ:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի 24.10.2018թ. նիստում կազմակերպվել է վիկտորինա, որին մասնակցել են ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 35 սովորողներ: Վիկտորինայի՝ քրեական իրավունքի ոլորտին առնչվող հարցերը եղել են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դրսևորումների, կանխարգելման առանձնահատկությունների, ինչպես նաև հարակից հանցագործությունների հետ հարաբերակցության վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի կողմից կրթահամալիրի վերապատրաստման և ատեստավորման ֆակուլտետում 2018 թվականի ընթացքում ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող 208 ծառայողների համար անցկացվել են դասախոսություններ՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի վերաբերյալ:
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ արդյունավետ պայքարի նպատակով 2018թ. շարունակվել է համագործակցությունն օտարերկրյա իրավապահ մարմինների ու մասնագիտացված միջազգային կազմակերպությունների հետ:
2018թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով զեկույցի պատասխանատու Ա.Տակահաշիի հետ, որի ընթացքում քննարկվել և պարզաբանվել են ԱՄՆ պետդեպարտամենտի մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ 2017թ. զեկույցի Հայաստանին վերաբերող դիտարկումները, հյուրի կողմից ներկայացվել են այն առաջնահերթությունները, որոնց վրա ուշադրություն է դարձվում զեկույցը պատրաստելիս:
2018թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության /ԹՊԻՀ/ գրասենյակի տեխնիկական հարցերով փորձագետ Մարինա Քոլբիի հետ: Վերջինիս հետ քննարկվել են ՀՀ-ում 2019-2021թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրի նախագծի դրույթները:
Ակտիվ մասնակցություն է ցուցաբերվում ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համակարգման Բյուրոյի կողմից իրականացվող միջոցառումներին:
Ի կատարումն հանցավորության դեմ պայքարի 2014-2018թթ. համատեղ միջոցների միջպետական ծրագրի 2.1.10 կետի, համաձայնեցված կանխարգելիչ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հատուկ գործողությունների անցկացման 2014-2018թթ. պլան-գրաֆիկի համաձայն, 2018թ. մարտ և հունիս ամիսներին հանրապետության տարածքում անց են կացվել կանխարգելիչ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մարդկանց առևանգման, թրաֆիքինգի, օրգանները և հյուսվածքները վերցնելու հետ կապված հանցագործությունների հակազդման, ինչպես նաև անօրինական միգրացիայի հակազդման, կանանց և երեխաների շահագործման, պոռնկագրական նյութերի պատրաստման և տարածման հետ կապված հանցագործությունների նախականխման, հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ: ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի հարցերով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող Խորհրդի որոշման համաձայն, անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի հակազդման նպատակով ս.թ. սեպտեմբերի 17-ից 25-ը ՀՀ տարածքում անցկացվել է «Նելեգալ 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլը:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ներկայացուցիչը մասնակցել է ապրիլի 23-ից 24-ը Վիեննայում կայացած մարդկանց թրաֆիքինգի դեմ դաշինքի հերթական 18-րդ հանդիպմանը:
ՀՀ ոստիկանության պաշտոնական «police.am» կայքէջում առանձին հղումով ստեղծված թրաֆիքինգին վերաբերող հավելվածում շարունակվել է մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ համապատասխան նյութերի տեղադրումը:
2018թ. ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության կողմից «Կիրակնօրյա հերթապահ մաս», «02», «Հերթապահ մաս» հաղորդաշարերով պատրաստվել և եթեր են հեռարձակվել մի շարք թեմատիկ տեսանյութեր:
Տեսանյութերը տեղադրվել են նաև ՀՀ ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում և տարածվել հանրապետության տարբեր ԶԼՄ-ներով:
«02» շաբաթաթերթում 2018թ. ընթացքում հիշյալ թեմայով տպագրվել են մի շարք հոդվածներ:
Բացի այդ, ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ տարվող պայքարի և դրա արդյունքների մասին, ինչպես նաև հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ոստիկանության ծառայողները մասնակցել են տարբեր հեռուստաընկերությունների և լրատվական կայքէջերի կողմից պատրաստված՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հիմնահարցերին և դրա դեմ պայքարին նվիրված հաղորդումներին: