ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.01.2018 17:03
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունն ամփոփեց 2017 թվականի աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունվարի 16-ին տեղի ունեցավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայությունների և տարածքային մարմինների 2017 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփիչ խորհրդակցություն, որը վարում էր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը: Ամփոփմանը մասնակցում էին վարչության ծառայությունների ղեկավարները, տարածքային բաժինների, ենթակա բաժանմունքների պետերը, վարչության ենթակա այլ ստորաբաժանումների ղեկավարներ:
Վարչության պետի տեղակալ, շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Իսկանդարյանը նշեց, որ 2017թ մայրաքաղաք Երևանում լիովին վերահսկվել է օպերատիվ իրավիճակը: Նա ներկայացրեց Երևանում հանցավորության շարժընթացի և հիմնական միտումների վիճակագրությունը, անդրադարձավ հանցագործությունների բացահայտման աշխատանքներին, ներկայացրեց ծառայությունների ցուցանիշները, ինչպես և անդրադարձավ նախկինում կատարված` կասեցված հանցագործությունների բացահայտման աշխատանքներին:
Հաշվետու շրջանում մայրաքաղաքում գրանցվել է 9637 հանցագործության դեպք։
2017թ. 12 ամիսների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճի պարագայում բացահայտման աշխատանքերի արդյունավետությունը ևս աճել է 10.3%-ով։
Հաշվետու զեկույցներից հետո ոստիկանության տարածքային բաժինների պետերը, ներկայացրին իրենց ստորաբաժանումների կատարած աշխատանքը, վեր հանեցին առկա հիմնախնդիրները, թերություններն ու բացթողումները, արեցին աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ առաջարկներ:
Վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանն ամփոփելով կայազորի կատարած աշխատանքը՝ այն գնահատեց բավարար: Անդրադառնալով ձեռքբերումներին և բացթողումներին, ոստիկանության գնդապետը խոսեց խնդիրների մասին և տվեց համապատասխան հանձնարարականներ: