ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.10.2015 18:57
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից տարածվել են հայտարարություններ ընտրողների թվի վերաբերյալ:
Մասնավորապես, արվել է մեկնաբանություն, թե իբր ընտրողների թվի անհամաչափ աճը մանիպուլյացիայի արդյունք է: Արվել են անհիմն վերլուծություններ բնակչության թվաքանակի և ընտրողների թվի վերաբերյալ: Հրապարակումներում մատնանշվել է, որ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թիվը, համաձայն Ազգային վիճակագրական ծառայության, 1991 թ. եղել է 3.512.000, որի 58%-ը (2 051 473) կազմել են ընտրական իրավունք ունեցող անձինք: Հակառակը, 2013 թ. բնակչության թիվը եղել է 3.017.100 մարդ, իսկ ընտրողների թիվը՝ 2.509.434, այսինքն բնակչության թվի 83%-ը: Մեկ այլ հրապարակմամբ` Լոռու մարզում ընտրողների թիվը առկա բնակչության ընդհանուր թվի համեմատությամբ կազմում է 101 տոկոս, այսինքն՝ ընտրողներն ավելի շատ են, քան բնակչության քանակն է:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է:
ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Նախկինում ընտրողների ցուցակները կազմվում էին բնակելի շենքերի լիազորների, թաղային կոմիտեների նախագահների կողմից ներկայացված տվյալների հիման վրա: Նույնիսկ հրապարակման հեղինակն է փաստել (մեջբերում հրապարակումից), որ ընդհանուր եւ համակարգված ընտրական ցուցակների բացակայության, ինչպես նաեւ հաշվառման մեխանիզմների անորոշության պատճառով 1990-ականներին ընտրացուցակներում առկա էին բազմաթիվ բացեր եւ մեծ թվով բնակիչներ զրկված էին ընտրելու իրավունքից:
Ինչ վերաբերում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված մշտական բնակչության թվաքանակին, ապա այն չի ներառում մեկ տարուց ավելի բացակայողների տվյալները: Եթե վիճակագրական ցուցանիշներում ներառվեն նաև այն անձանց տվյալները, ովքեր մեկ տարուց ավելի ժամկետով բացակայում են իրենց բնակության վայրերից, կունենանք անհամեմատ ավելի մեծ ցուցանիշ:
ՀՀ ոստիկանությունը որպես բնակչության պետական ռեգիստրը և ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու ընտրողների ցուցակներրից: Բնակչության պետական ռեգիստրի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ հստակ սահմանված է բնակության վայրը փոխելու դեպքում հասցեափոխության ընթացակարգը, համաձայն որի՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության մեկնող քաղաքացին իր նոր բնակության վայրի հասցեն պետք է տրամադրի հյուպատոսական ծառայությանը: Վերջինս տվյալները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է ՀՀ ոստիկանություն՝ հասցեափոխություն կատարելու համար, անձին հաշվառելով իր նշած՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով: