ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.09.2019 17:37
Արաբկիրի ոստիկանները բացահայտեցին դանակահարության դեպքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 24-ին, ժամը 2-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ պոչուկի և ձախ բազկի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ: Նրան դանակահարել էին:
Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:
Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Եվ իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից մեկ օր անց պարզվեց կասկածվողի ինքնությունը:
Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Արաբկիրի 37 փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին մարմնական վնասվածք է պատճառել Գեղարքունիքի մարզի 23-ամյա մի բնակիչ:
Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների հետ համատեղ միջոցառումներով կասկածվողը Գավառի Սայադյան փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտանբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: