ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.02.2014 11:15
Գիշերային ակումբի մոտ հրազենային վնասվածք պատճառողը ձերբակալվել է
Ինչպես տեղեկացրել էինք` հունվարի 31-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Թաիրովի թիվ 128 հասցեում գտնվող գիշերային ակումբի դիմացից, ձախ ազդրի ծակած վերքերով, բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Հարություն Զ.-ն:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր «ՏՕԶ» հրազենի 5,6 մմ տրամաչափի չկրակված 3 փամփուշտ և փամփուշտի 1 գնդակ:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հունվարի 31-ին, ժամը 04.30-ի սահմաններում, գիշերային ակումբի դիմաց, վիճաբանության ժամանակ, 1984 թ. ծնված Արմեն Հ.-ն բռունցքով հարվածել և դեմքի շրջանում վնասվածք է պատճառել 1982 թ. ծնված Մկրտիչ Ս.-ին, այնուհետև իր մոտ ապօրինի պահվող «ՏՕԶ» տիպի թմբուկավոր ատրճանակից կրակել և մարմնական վնասվածք է պատճառել Հարություն Զ.-ին և դիմել փախուստի:
Փետրվարի 1-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության ծառայողները Արմեն Հ.-ին հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային անցակետում և բերման ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Վերջինս տվել է խոստովանական ցուցմունք և ներկայացրել հանցագործության գործիք «ՏՕԶ» տիպի, առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակը` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 3 չկրակված փամփուշտներով և կրակված փամփուշտի 2 պարկուճներով:
Նշանակվել են փորձաքննություններ:
Արմեն Հ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է: