ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.10.2019 19:21
Մանրամասներ Գեղանիստում տեղի ունեցած սպանության դեպքից․ ոստիկանները բացահայտել են հանցագործությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոկտեմբերի 11-ի գիշերը հրազենային բազմաբեկոր վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխվեց Գեղանիստ գյուղի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։ Հոսպիտալացվելուց որոշ ժամանակ անց տղամարդը, գիտակցության չգալով, մահացավ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողները պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի գեղանիստ գյուղում։ Առանձնապես ծանր հանցագործության բացահայտման աշխատանքներն իրականացրին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Արարատի մարզային վարչության ու Մասիսի բաժնի ծառայողները։ Համատեղ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ Գեղանիստ գյուղի Կենտրոնական փողոցում 31-ամյա տղամարդու ուղղությամբ որսորդական հրացանով կրակել է Գեղանիստի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ։ Դեպքի վայրում հայտնաբերվեցին արնանման հետքեր ու հրացանի կրակված պարկուճներ։ Նշանակվեցին փորձաքննություններ։ Սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ իրականացվեց բացատրական աշխատանք։ Արդյունքում դեպքի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17-ն անց 40-ի սահմաններում, նա եկավ ոստիկանության Մասիսի բաժին՝ ներկայացնելով «Վալտեր» տեսակի որսորդական հրացանը, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Տղամարդը ոստիկանությունից ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն։