ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.07.2014 18:50
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է շրջանառվող ապատեղեկատվությունը
Համացանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության Արաբկիրի անձնագրային ծառայությունում արագ աշխատանքի համար գումար, իսկ վավերացման 1000 դրամը վճարելու համար անհիմն կերպով «սոցքարտ» են պահանջում:
Ապատեղեկատվությունը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. նույնականացման քարտը, ինչպես նաև ՀՀ քաղաքացու անձնագիրը առավել սեղմ ժամկետում տրամադրելու գործընթացը և դրա համար գանձվող վճարների չափը հստակ սահմանված են ՀՀ օրենսդրությամբ: Նշված ծառայությունից օգտվելը ՀՀ քաղաքացու իրավունքն է, այլ ոչ պարտականությունը: ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է անձնագրային գործողությունների համար օրենսդրությամբ սահմանված ժամկետները, վճարման ենթակա պետական տուրքերի, ինչպես նաև առավել սեղմ ժամկետում այն իրականացնելու համար գանձվող վճարների չափերը (ըստ ժամկետների):
Մեկ անգամ ևս հիշեցնում ենք.
1) Մինչև 16 տարեկան երեխաներին, ինչպես նաև 16-18 տարեկան նախազորակոչային տարիքի արական սեռի ՀՀ քաղաքացիներին ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր տրամադրելու դեպքում այն տրվում է 5-րդ աշխատանքային օրը, որի համար գանձվում է պետական տուրք 1000 ՀՀ դրամի չափով և օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու յուրաքանչուր տարվա համար պետական տուրք՝ ևս 1000-ական ՀՀ դրամի չափով: Նշված փաստաթուղթը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար գանձվում է լրացուցիչ 20000, իսկ 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար՝ 10000 ՀՀ դրամի չափով վճար:
2) Նույնականացման քարտը տրվում է 15-րդ աշխատանքային օրը, որի համար գանձվում է պետական տուրք 3000 ՀՀ դրամի չափով: Նշված փաստաթուղթը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար գանձվում է լրացուցիչ 20000 ՀՀ դրամի, իսկ 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար՝ 10000 ՀՀ դրամի չափով վճար:
3) Կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը տրվում է 15-րդ աշխատանքային օրը, որի համար գանձվում է պետական տուրք 25000 ՀՀ դրամի չափով: Նշված փաստաթուղթը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար գանձվում է լրացուցիչ 20000 ՀՀ դրամի, իսկ 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար՝ 10000 ՀՀ դրամի չափով վճար:
Ինչ վերաբերում է անձնագրային գործողությունների համար վճարումներ կատարելիս հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) պահանջելուն` այն սահմանված է «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի` հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր կիրառվում է հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ հաշվարկելու և վճարելու ժամանակ: