ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.03.2014 19:40
Այցելություն Արագածոտնի մարզ. խորհրդակցություն և հանդիպումներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մարտի 5-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մարզային այցելությունների ծրագրով՝ Արագածոտնի մարզում էր և աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում:
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ստորաբաժանումներին առաջադրված խնդիրներին և հատկապես կարևորեց մասնագիտական պարապմունքների նշանակությունը՝ ընդգծելով, որ չի հանդուրժվելու ձևական վերաբերմունքը այդ կարևոր գործընթացի հանդեպ:
Ոստիկանության պետը պահանջեց անհանդուրժող լինել հանցագործությունները գրանցումից թաքցնելու, քաղաքացու հանդեպ անպատշաճ վերաբերմունքի, բռնությամբ ցուցմունք կորզելու և ցանկացած այլ արատավոր երևույթների հանդեպ, ինչպես և լիարժեք աշխատել համայնքների, հասարակության հետ:
Շեշտելով ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվությունը նոր ոստիկանության ձևավորման գործում՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց ոստիկանության հանդեպ հասարակության վստահության բացառիկ նշանակությունը նախանշված ծրագրերի իրագործման համար:
Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին կոնկրետ հանձնարարականներ տվեց հասարակության սպասարկող ծառայությունների աշխատանքի որակը բարելավելու, աշխատանքում սեփական տրանսպորտային միջոցներն օգտագործող գյուղացու հանդեպ հոգատար վերաբերմունքի, անօրինական զենք-զինամթերքի հայտնաբերման, իրենց օրենքից վեր դասողների նկատմամբ ձեռնարկվելիք միջոցառումների և մի շարք այլ ուղղություններով:
Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց ամենայն աջակցություն և օգնություն ցուցաբերել մարզի եզդիների համայնքների հանդեպ՝ նկատի առնելով ազգային առանձնահատկությունները:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ աշխատանքային հանդիպումները մարզերում լինելու են պարբերական՝ ակնկալելով գործնական հետևություններ և արդյունքներ:
Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը Արագածոտնի մարզպետարանում հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ:
Վերլուծելով ոստիկանության բարեփոխումների գործընթացը և գլխավոր սկզբունքները՝ ոստիկանության պետը ներկայացրեց հասարակության հետ համատեղ աշխատանքի մարտավարությունը:
Ոստիկանության պետը կարևորեց, մասնավորապես, անչափահասների հետ տարվող աշխատանքը և հայտնեց, որ հաստիքներ են տրամադրվել Արագածոտնի մարզի երեք ավագ դպրոցներում ոստիկանների աշխատանքը կազմակերպելու համար:
Ոստիկանության պետը հանդիպման մասնակիցներին հորդորեց աջակցել ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու գործում՝ նշելով, որ կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Իսկ ինչ վերաբերում է որսորդական հրացաններին, ապա օրինական կերպով գրանցելուց հետո դրանք կվերադարձվեն տերերին: Ավելին, անտառամերձ տարածքների բնակիչներին կտրամադրվեն օրինական հրացաններ, ինչի փորձը ոստիկանությունն արդեն իսկ ունի: Պատրաստակամություն հայտնելով համակողմանի իրավական օգնություն ցուցաբերել համայնքների ղեկավարներին՝ ոստիկանության պետը նաև նշեց, որ ոստիկանությունը պատասխան քայլեր է ակնկալում:
Ամփոփելով հանդիպումը՝ Վլադիմիր Գասպարյանը հավաստեց, որ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներն անշրջելի են, և ունենալով հասարակության հավատն ու վստահությունը, համատեղ աշխատանքով հասնելու ենք նախանշված ծրագրերի իրագործմանը: