ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.10.2015 16:13
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ (galatv.am կայքում հրապարակված «Երբ ընտրելու իրավունք ունեցող մոտ 215 հզր. քաղաքացուց ցուցակներում «տեղ են գտնում» 231.821-ը. Շիրակի մարզի «առեղծվածը» հոդվածի առնչությամբ)
www.galatv.am կայքում զետեղված «Երբ ընտրելու իրավունք ունեցող մոտ 215 հզր. քաղաքացուց ցուցակներում «տեղ են գտնում» 231.821-ը. Շիրակի մարզի «առեղծվածը» հրապարակման մեջ տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ ընտրացուցակները ոչ միայն չեն մաքրվել, այլ արվել է հնարավորը՝ այն ուռճացնելու համար:
ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակաները ուռճացնելու վերաբերյալ կարծիքը ընդամենը հոդվածագրի սուբյեկտիվ դատողությունն է: 2012 թ. համապետական ընտրության ժամանակ Շիրակի մարզի ընտրողների ընդհանուր թիվը 228.322 է եղել, 2013 թ.-ին՝ 230.583, իսկ ներկայումս՝ 231.821:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Ազգային վիճակագրական ծառայության կողմից կատարված վերլուծությունները և հրապարակումները ընտրողների ռեգիստրի հետ կապ ունենալ չեն կարող:
Նշված ծառայության կողմից հրապարակված մշտական բնակչության թվաքանակը չի ներառում մեկ տարուց ավելի բացակայողների տվյալները: Եթե վիճակագրական ցուցանիշներում ներառվեն նաև այն անձանց տվյալները, ովքեր մեկ տարուց ավելի ժամկետով բացակայում են իրենց բնակության վայրերից, կունենանք անհամեմատ ավելի մեծ ցուցանիշ:
ՀՀ ոստիկանությունը որպես բնակչության պետական ռեգիստրը և ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին իրավասու չէ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին սեփական նախաձեռնությամբ հանելու ընտրողների ցուցակներից: Բնակչության պետական ռեգիստրի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ հստակ սահմանված է բնակության վայրը փոխելու դեպքում հասցեափոխության ընթացակարգը, համաձայն որի՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության մեկնող քաղաքացին իր նոր բնակության վայրի հասցեն պետք է տրամադրի հյուպատոսական ծառայությանը: Վերջինս տվյալները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է ՀՀ ոստիկանություն՝ հասցեափոխություն կատարելու համար, անձին հաշվառելով իր նշած՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով: