ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.07.2012 00:31
Համայնքային ոստիկանություն. հանուն ժողովրդի եւ պետության
Ժողովրդավարական ու իրավական երկիր դառնալու ուղին բռնած Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որպես պետական կառավարման մարմին եւ դատաիրավական համակարգի կարեւոր բաղադրիչ, առաջիններից մեկը ձեռնամուխ եղավ բարեփոխումների համընդգրկուն ծրագրերի իրականացմանը։
Ոստիկանությունում բարեփոխումների գործընթացն սկսվեց 2001 թվականից։ ՀՀ կառավարության Կայուն զարգացման ծրագրով նախատեսված 2001-2007 թթ. բարեփոխումների գործընթացը մի շարք առանցքային ուղղություններով էր։ Նախ հստակ քայլեր ձեռնարկվեցին ոստիկանական օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, դրանում մարդու իրավունքների գերակայության սկզբունքն ընդգծելու, ոստիկանության կողմից հնարավոր կամայականության դեպքերի բացառմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ մշակելու ուղղությամբ։
Բարեփոխումների ծրագրի ընդգրկուն գործընթացի արդյունքն ակնառու է, մասնավորապես, անձնագրերի եւ վիզաների համակարգում, ինչը վկայում են նաեւ ԵԱՀԿ¬ի կողմից բնակչության շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումները։
Անձնագրային եւ վիզաների վարչության գործունեության առավել բարձր մակարդակ, աշխատանքի առավել բարձր արդյունավետություն եւ թափանցիկություն, քաղաքակիրթ սպասարկում. այս խնդիրների օպերատիվ իրականացումն առավել կարեւորվեց՝ պայմանավորված այն հանգամանքով, որ անձնագրային ծառայություններն ամենաշատն են շփվում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների հետ եւ այդ առումով նաեւ ամենամեծ պատասխանատվությունն են կրում ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման, ոստիկանության վարկանիշի բարձրացման գործում։
Ոստիկանության եւ բնակչության համագործակցությունը բարելավելու, ոստիկանության հանդեպ բնակչության վստահությունը բարձրացնելու եւ հանցագործությունների կանխարգելման միջոցառումներն առավել արդյունավետ դարձնելու նպատակներին էր միտված ԵԱՀԿ¬ի կողմից ոստիկանության աջակցության շրջանակներում համայնքային ոստիկանության ստեղծումը։ 2011 թվականին արդեն Արաբկիր համայնքում գործող համայնքային ոստիկանության երկու հենակետերին ավելացավ եւս մեկը՝ Կենտրոն համայնքում։
Ոստիկանության համակարգի բարեփոխումների առաջին փուլում, թերեւս, հարկ է առանձնացնել ճանապարհային երթեւեկության անվտանգության բարելավմանն ուղղված ծրագիրը, որի առանցքային քայլերից մեկը 2005 թվականին ընդունված ,Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասինե օրենքն էր։
Ճանապարհային երթեւեկության ու անվտանգության բարելավման հաջորդ փուլը, որ սկսվեց 2008 թվականին, հաջողությամբ շարունակվում է 2010-2011 թթ. բարեփոխումների շրջանակում։
Ոստիկանության գործունեության ոլորտում բարեփոխումների վերջնարդյունքը պետք է լինի այն, որ քաղաքացիներն իրենց զգան անվտանգ, վստահեն ոստիկանությանը՝ որպես իրենց իրավունքների եւ շահերի պաշտպանի, իրենց անվտանգության երաշխավորի։ Հենց այս վերջնարդյունքին են միտված ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, որոնց նոր փուլը, 2010-2011 թթ. համար, մեկնարկեց 2010 թվականին։
Ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թթ. բարեփոխումների ծրագիրը բաղկացած է տասնմեկ ուղղություններից. դրանցով նախատեսված միջոցառումների իրականացման համար ստեղծվել են աշխատանքային խմբեր։ Բարեփոխումների իրականացմանն աջակցում են ԵԱՀԿ-ն, ՀՀ¬ում ԱՄՆ դեսպանատունը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, ՄԱԿ¬ի Զարգացման ծրագիրը եւ այլ կազմակերպություններ։
Բարեփոխումների ծրագրով նախատեսված 192 միջոցառումներից 186-ով արդեն իրականացվել են համապատասխան աշխատանքներ, ընդ որում՝ 127 միջոցառում կատարվել է ամբողջությամբ, իսկ 59-ը ընթացքի մեջ է։
Չմանրամասնելով իրականացված ընդգրկուն բոլոր միջոցառումները` անդրադառնանք ընդամենը մի քանիսին:
Կառուցվածքային եւ կազմակերպական բարեփոխումների շրջանակում տրանսպորտային վարչությունը լուծարվեց, իսկ գործառույթները փոխանցվեցին ոստիկանության տարածքային մարմիններին եւ պետական պահպանության վարչությանը։
Համընդհանուր տեղեկատվական տիրույթի ստեղծման նպատակով՝ Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից տեխնիկական առաջադրանք է մշակվում, որին մասնակցում են նաեւ ոստիկանության ներկայացուցիչները։
Աշխատանքներ են կատարվում ներքին անվտանգության եւ հասարակական կարգի ապահովման վարչությունների կողմից տարվող հաշվառումների ավտոմատացման ուղղությամբ։
Համակարգչային գերատեսչական ցանցում ծրագրային ապահովման ներդրման եւ տեղեկատվական համակարգի ստեղծման, տեղեկատվության հասանելիության ապահովման նպատակով ստեղծվել եւ ներդրվել է տեղեկատվական համակարգ, որը հասանելի է բաժանորդների համար՝ համապատասխան իրավասությունների սահմաններում։
Ամբողջությամբ կատարվել են օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման նախապատրաստական աշխատանքները. նախատեսվում է համակարգը ներդնել մինչեւ տարեվերջ։
Կրթական բարեփոխումների շրջանակում ոստիկանության ակադեմիան դարձավ միասնական՝ բարձրագույն, միջին մասնագիտական եւ նախնական կրթություն իրականացնող կրթահամալիր։
2010 թ. ընթացքում ճանապարհային երթեւեկության անվտանգության ոլորտի բարեփոխումներին առնչվող երեք տասնյակից ավելի իրավական ակտեր ընդունվեցին, որոնցով ոչ միայն կատարելագործվեց ճանապարհային երթեւեկության եւ անվտանգության ոլորտի օրենսդրությունը, այլեւ այն համապատասխանեցվեց միջազգային չափանիշներին։ Այս ոլորտի բարեփոխման մի շարք միջոցառումներ ընթացքի մեջ են։
2010-2011 թթ. մի շարք բարեփոխումներ են իրականացվել նոր անձնագրային համակարգի ներդրման ուղղությամբ։ Կենսաչափական տվյալներով փաստաթղթերի ներդրման ծրագրի շրջանակներում՝ սահմանային անցակետերում կտեղադրվեն համապատասխան սարքավորումներ։
Բարեփոխումներ են իրականացվել թրաֆիքինգի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Մասնավորապես, ապրիլի 9-ին ուժի մեջ մտավ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը, որով ուժեղացվեցին օրենսգրքի հակաթրաֆիքինգային դրույթները։
2010-2011 թթ. բարեփոխումների շրջանակներում մշակվել են նաեւ մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու, ինչպես նաեւ` օրենքների նախագծեր։
Իրավական ակտերի նախագծերի մշակմանն ուղղված միջոցառումների շրջանակներում 114 իրավական ակտի նախագիծ է մշակվել։
Ոստիկանությունն անընդհատ ռիթմի, լարվածության, պայքարի, անընդմեջ աշխատանքի համակարգ է, լրջագույնս կայացած պետական կառույց: Յուրաքանչյուր ժամանակաշրջան ոստիկանությանն իր հրամայականներն է առաջադրել, նորանոր խնդիրներ ներկայացրել, եւ ոստիկանությունը դրանք հիմնականում հաջողությամբ լուծելով՝ կարողացել է ոչ միայն բարձրացնել պետական կարեւոր կառույցի հեղինակությունը, այլեւ հետեւողական աշխատանքով հանրապետությունում ապահովել կայուն օպերատիվ իրավիճակ։