ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.07.2015 18:34
Պարզաբանում
«Lragir.am» էլեկտրոնային կայքում հրապարակված «Ինչպես ոստիկանությունում ստուգեցին իմ սթափությունը» հոդվածում արծարծված հարցերի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ «ստուգայց» կամ «ռեյդ» ասելիս պետք է հասկանալ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կամ նրան փոխարինող անձի կողմից լիազորած հատուկ միջոցառումները: Մասնավորապես, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված դեպքերից բացի, ոստիկանության ծառայողները կարող են տրանսպորտային միջոցները կանգնեցնել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կամ նրան փոխարինող անձի կողմից լիազորած հատուկ միջոցառումներ անցկացնելիս: Այսինքն, նշված միջոցառումների ընթացքում ոստիկանության ծառայողներն իրավասու են կանգնեցնել տրանսպորտային միջոցներն առանց որևէ իրավախախտման կամ այլ պատճառի, և ստուգել փաստաթղթերն ու վարորդի ոչ սթափ վիճակում գտնվելու փաստը: Հետևաբար, հաշվի առնելով, որ հուլիսի 8-ին անցկացված հատուկ միջոցառումը լիազորված է եղել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից, ուստի դրա շրջանակներում Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից տրանսպորտային միջոցները կանգնեցնելու և փաստաթղթերի ու սթափության վիճակի զննություն իրականացնելու գործողություններն իրավաչափ են, և այդ դեպքում որևէ փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող:
Ինչ վերաբերում է նմանատիպ միջոցառումների նպատակներին, ապա տեղեկացնում ենք, որ նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն ու ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխումն է:
Միայն փաստենք, որ 2015 թվականի 6 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու հետևանքով առաջացած պատահարների քանակը նվազել է 16-ով (48-ից՝ 32), զոհերի թիվը՝ 10-ով (14-ից՝ 4), վիրավորների թիվը՝ 37-ով (78-ից՝ 41):
Ճանապարհային ոստիկանություն